ՉԺՀ իշխանությունները դիտարկում են «մեկ ընտանիք-մեկ
երեխա» քաղաքականությունից հրաժարվելու հնարավորությունը: Առողջապահության և երեխաների ծննդի պլանավորման պետական կոմիտեում լրջորեն սկսել են մտածել ընտանիքներին թույլատրել 2 երեխա ունենալ, հաղորդում է Xinhua լրատվական ծառայությունը:
Առողջապահության և երեխաների ծննդի պլանավորման պետական կոմիտեի մամլո քարտուղար Մաո Կունանը հայտարարել է, որ իր գերատեսչությունում քննարկում են մեծ թվով ընտանիքների 2 երեխա ունենալու թույլատրության հարցը:
Այժմ, համաձայն չինական օրենսդրության, 2 երեխա կարող են ունենալ միայն այն ընտանիքները, որտեղ և՛ հայրը, և՛ մայրը իրենց ընտանիքներում եղել են միակ երեխաները: Մաո Կունանը նշել է, որ ընտանիքի պլանավորման հարցերում Չինաստանը պետք է հետևի հստակ գծի երկարատև կտրվածքով: Նա պարզաբանել է, որ երկրում պահպանվում է բարդ էկոլոգիական իրավիճակ, դեռևս առկա են խնդիրներ կապված գերբնակեցման և ռեսուրսների սակավության հետ:
Սակայն գերատեսչության ղեկավարը նշել է, որ կոմիտեի հիմնական խնդիրներից մեկը նախկինի պես մնում է ընտանիքների պլանավորման քաղաքականության կատարելագործումը: Ծրագրվող միջոցառումների թվում, Մաո Կունանը նշել է հասարակական կարծիքի հարցումները և դեմոգրաֆիական ուսումնասիրությունները: Կոմիտեի ներկայացուցիչների խոսքերով, Չինաստանում իրավիճակը լավացնելու համար անհրաժեշտ է պահպանել ներկայիս ծնելիության մակարդակը, սակայն ուշադրություն դարձնել սոցիալական պահանջմունքներին, տնտեսական զարգացմանը և հասարակության կառուցվածքում կատարվող փոփոխություններին:
«Մեկ ընտանիք-մեկ երեխա» քաղաքականությունը կիրառվում է Չինաստանում սկսած 1970-ականներից՝ երկրի բնակչության աճի վերահսկման նպատակով: Երկրում խրախոսվում են ուշ ամուսնությունները, քաղաքներում արգելված է ունենալ մեկից ավել երեխա, մինչդեռ գյուղական վայրերում երբեմն թույլատրում է ունենալ 2 երեխա, եթե առաջինը աղջիկ է:
Սահմանված կարգը խախտողներին սպասվում են շատ բարձր տուգանքներ: Արգելքները շրջանցելու միակ ճանապարհը երեխաների ծնունդն է արտասահմանում, ինչին հաճախ են դիմում ունևոր չինական ընտանիքները:


No comments:
Post a Comment