Страницы

Showing posts with label Վերլուծություններ. Show all posts
Showing posts with label Վերլուծություններ. Show all posts

Wednesday, 21 August 2013

Նավթը՝ Լիբիայում պառակտման պատճառ


Լիբիայի ներքին գործերի նախարար Աշուռ Շավիլի հրաժարականից հազիվ մի քանի ամիս է անցել, բայց արդեն հրաժարական է տվել նրան այդ պաշտոնում փոխարինած Մուհամեդ Խալիֆա աշ-Շեյխը: Վերջինիս հրաժարականի պատճառ է դարձել վարչապետ Ալի Զայդանի հետ ունեցած տարաձայնությւոնները: Հրաժարականից հետո տրված հարցազրույցում նախկին նախարարը ներողություն է խնդրել երկրի նավթային ոլորտում կարգուկանոն հաստատել չկարողանալու համար, և դժգոհել է, որ վարչապետն ու խորհրդարանը խոչընդոտել են իր աշխատանքին:
Բացի ՆԳՆ ղեկավարի հրաժարականից վերջին շրջանում եղել են նաև 2 այլ հնչեղ հրաժարականներ՝ մայիսին իր պաշտոնը լքել է Պաշտպանության նախարար Մոհամեդ ալ-Բառգատին, իսմ մի քանի ամիս անց՝ Գլխավոր Շտաբի ղեկավար Յուսեֆ ալ-Մանգուշը: Այս բոլոր ցնցումները փորձագետների համար առիթ դարձան ենթադրելու, որ Լիբիայի կառավարող էլիտայում առկա է պառակտում, ինչը կարող է հանգեցնել քաղաքական ճգնաժամի:

Որպես տարաձայնությունների գլխավոր պատճառ նշվում է նավթի մաքսանենգության դեմ պայքարը: Չնայած հեղափոխությունից հետո Լիբիային հեշտությամբ հաջողվեց մեծացնել նավթի ստացումը մինչև օրական 1.6 մլն բարել, սակայն 2013թ-ին այդ ցուցանիշը ընկավ՝ հասնելով օրական 500 հազար բարելի: Այս ամենի պատճառ է դարձել զինված ցեղային միավորումների սեպարատիստական ձգտումները: Նրանց վերահսկողության տակ է Կիրիենաիկի նավթով հարուստ շրջանը, որտեղ նաև գտնվում են նավթի տեղափոխման հիմնական տերմինալները՝ Սեդրա, Բռեգա, Էզ-Զուէյտինա և Ռաս-Լանուֆ: Պահապանների խմբավորումները, որոնք հիմնականում կազմված են զինաթափվելուց հրաժարվող ապստամբներից, զբաղվում են նավթի հափշտակմամբ, ինչպես նաև խոչընդոտում են կետրոնական կառավարության արդյունավետ հակազդմանը: Նրանց գործողությունները և կենտրոնական իշխանությունների անօգնական վիճակը երկրի գանձարանի վրա շատ թանկ են նստում՝ միայն անցած տարի նավթի հափշտակումներից կազմած վնասը հասնում է 1.6 մլրդ դոլար:
Վարչապետ Ալի Զեյդանը արդեն հայտարարել է, որ պատրաստ է դիմել ծայրահեղ միջոցների հափշտակումների վերացման համար: Վերջերս կատարած իր հայտարարությունում վարչապետը սպառնացել է, որ նավթային տերմինալների մոտեցող ցանկացած նավ, որը պայմանագիր չի ունենա նավթի ողջ արտահանումը վերահսկող Ազգային նավթային ընկերության հետ, ռմբակոծման կենթարկվի:
Այնուամենայնիվ, շատերը կասկածում են, թե վարչապետի սպառնալիքները կարող են կասեցնել նավթային հափշտակումները, քանի որ ապստամբները պատրաստ են պաշտպանել իրենց եկամուտները զենքը ձեռքներին, իսկ նրանց հետ բաց հակամարտությունը կբերի նոր քաղաքացիական պատերազմի:
«Նավթային սեպարատիզմը» առավել խիստ դրսևորումներ է ունենում կրոնական և էթնիկ հակամարտությունների ֆոնին, միևնույն ժամանակ ներգրավելով առավել խոշոր խաղացողների, որոնք շահագրգռված են մատակարարումների կայունությամբ: Այս ամենում իր հետքը թողել է նաև գաղութային ժամանակաշրջանի թողած կամայական սահմանները: Ակնհայտ է, որ էներգառեսուրսների կրճատումը ողջ աշխարհում առավել մեծ սպառնալիք կստեղծի երկրների տարածքային ամբողջականության համար, ինչը կօգտագործվի թե՛ սեպարատիստների, թե՛ այդ ռեսուսների գնորդների կողմից:

Monday, 12 August 2013

ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԵՎՐՈՊԱՅԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ

Հակամարտությունների կանխման համար ստեղծված նախագիծը Բեռլինի հանդեպ թշնամանք առաջացրեց։
Եվ այսպես, կիպրոսցիները կուլ տվեցին ազգային նվաստացման դառը դեղահաբը։ Հիմա ապագան նրանց մռայլ երանգներով է ուրվագծվում։ Կիպրոսցիները դժգոհ են. նրանց փոքր ժողովուրդը ստիպված եղավ հնազանդվել մեծ ու անգթասիրտ տերության՝ Գերմանիայի կամքին։
Կիպրոսյան թերթերն արդեն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին պատկերում են մի ինչ-որ բարբարոսի կերպարով, իսկ ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեին առհասարակ «ֆաշիստ» են անվանում՝ դրանով իսկ խթանելով հակագերմանական այն տրամադրությունները, որոնք հիմա տիրապետող են Հունաստանում և Իտալիայում։
Բայց գերմանոֆոբիան արդարացի չէ, քանի որ եվրոգոտու շրջանակներում զգալի չափով օգնություն ցուցաբերելու համար կրկին վճարելու են գերմանացի հարկատուները։ Ուստի, Գերմանիային նեոնացիզմի մեջ մեղադրելն այն ժամանակ, երբ Գերմանիան է հարյուր միլիարդավոր եվրոյի վարկեր բաժանում հարևաններին, «չափից ավելին են»։
Բայցևայնպես, հիմա եվրոպական ներքաղաքական բանավեճը պտտվում է գերմանական հզորության աճի և այդ հզորությունից ծագող դժգոհության թեմայի շուրջ։ Հենց սա է պատմական պարադոքսը. չէ՞ որ եվրոպական ամբողջ նախագծի հիմնանպատակը, սկսած 1950-ական թթ., այն էր, որպեսզի հաստատվի հետևյալ գաղափարը. չնայած ամբողջ հզորությանը՝ Գերմանիան լիովին կարող է հարմարավետորեն համագոյակցել իր հարևանների հետ։ Եվրոպական շատ մայրաքաղաքներում՝ և՛ Բեռլինում, և՛ Փարիզում, և՛ Բրյուսելում, մշտապես խոսում են «եվրոպական Գերմանիայի», այլ ոչ թե «գերմանական Եվրոպայի» անհրաժեշտության մասին։
Սակայն Կիպրոսում ճգնաժամից հետո առավել հստակ դարձան «գերմանական Եվրոպայի» ուրվագծերը, քանի որ Եվրոպան ճգնաժամի շրջանում շարժման մեջ է դրվում, նախևառաջ, բեռլինյան քաղաքական գործիչների և չինովնիկների գաղափարներով ու նախասիրություններով։
Չեմ վիճում, կիպրոսյան հիմնախնդրի շուրջ բանակցություններում նախաձեռնությունը պատկանում է Եվրոպական հանձնաժողովին, ԱՄՀ-ին և Եվրոպական կենտրոնական բանկին։ Եվ այնուամենայնիվ, բոլորի համար էլ պարզ էր. առանց Գերմանիայի կառավարության մասնակցության և թույլտվության ոչինչ լուծել չի կարելի։ Ընդ որում, ԵԿԲ կարևոր ներկայացուցիչը ողջ ճգնաժամի ընթացքում գերմանացի Յորգ Ասմուսենն էր, ոչ թե Իտալիայի նախագահ Մարիո Դրագին, ինչի համար էլ գերմանական շեշտադրումն է ավելի ուժեղ և հստակ լսվում ճգնաժամի ժամանակ։
Գերմանիայի ղեկավարությունը պետք է հարցնի, թե ինչպես պատահեց դա։ Ինչպե՞ս պատահեց, որ եվրոպական նախագիծը, որը պետք է վերջ դներ Գերմանիայի և հարևանների միջև հակամարտության ցանկացած ակնարկի, ընդհակառակը, հանգեցրեց հակագերմանական տրամադրությունների վերածննդին։ Եվ դեռ որքա՞ն է տևելու այս դիմակայությունը։
Մասամբ պատասխանն այսպիսին է. քանի որ ռիսկերը ներկա պահին դարձել են բավական բարձր, Գերմանիան այլևս չի ամաչում պաշտպանել իր ազգային շահերը, իսկ քանի որ միասնական եվրոպական արժույթի գոյատևումն այժմ հարցականի տակ է, ուրեմն հենց գերմանացի հարկատուներն են ստիպված ավելի լայն բացել քսակներն օգնության այլևայլ հիմնադրամների համար։
Ընդ որում, գերմանացիներն ի վիճակի են առաջարկել ճգնաժամային երևույթների հստակ ու պարզ բացատրություն. նրանց կարծիքով՝ ճգնաժամի պատճառը ֆինանսական շռայլումները և տնտեսվարման արատավոր մոդելների կիրառումն էին, իսկ ճգնաժամը կարելի է հաղթահարել կոշտ խնայողության միջոցների օգնությամբ, որոնք պետք է իրականացնել կառուցվածքային բարեփոխումների հետ համադրությամբ։ Կոշտ խնայողության միջոցների բազմաթիվ հակառակորդները պնդում են, որ սույն դեղատոմսը վտանգավոր է, բայց միևնույն ժամանակ նրանք դեռ չեն կարողացել որևէ այլընտրանքային մոդել առաջարկել, որը կարողանար նվաճել ինտելեկտուալների միտքը։
Այնպես որ, այստեղ պետք է խոսել, ավելի շուտ, ոչ թե գերմանական հզորության, այլ մնացած եվրոպական տերությունների մասին, որոնք մինչև վերջերս հավասարակշռում էին Գերմանիայի հզորությունը։ Իսկ այստեղ հետևյալ պատկերն է ստացվում. Իսպանիայի և Իտալիայի կառավարությունները, բախվելով ֆինանսական հիմնախնդիրների, թուլացել են։ Մեծ Բրիտանիան եվրոգոտու անդամ չէ, դրա համար էլ նրան հաշվի մեջ չենք վերցնում։ Ճգնաժամի մի հատկանշական առանձնահատկություն էլ կա. մենք գրեթե չենք լսում Ֆրանսիայի հզոր ձայնը։ Ինչպես գիտենք, Ժան Մոնեն, Ժակ Դելորը և մյուս ֆրանսիացիները միշտ հպարտացել են, որ Ֆրանսիան մշտապես իրեն է վերապահել ինտելեկտուալ առաջնայնությունը եվրոպական նախագծում։
Ֆրանսիացի ինտելեկտուալների համար վճռական նշանակություն է ձեռք բերել այն գաղափարը, որ Եվրոպան պետք է շարժման մեջ դրվի ֆրանկո-գերմանական գործընկերության օգնությամբ։ Այս սկզբունքն իր մարմնավորումն է գտել այն վճռական գործողություններում, որոնք նախաձեռնել էր նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին՝ տիկին Մերկելի հետ սերտ գործընկերային հարաբերություններ հաստատելու նպատակով։ Իհարկե, միտքը, թե Եվրոպան առաջ էր շարժվում «Մերկոզիի» կառավարմամբ, մասամբ միշտ էլ պատրանքային է եղել, բայց, համենայնդեպս, ընդգծել է իրադարձությունների բովում լինելու Ֆրանսիայի ձգտումը։
Սակայն Ֆրանսուա Օլանդի օրոք անհետացան անգամ ամենափոքր նշույլներն այն մասին, թե Ֆրանսիան Գերմանիայի հետ հավասար է հանդես գալիս։ Ֆիններն անգամ ավելի մեծ մասնակցություն ունեցան կիպրոսյան ճգնաժամի լուծման գործում, քան ֆրանսիացիները։ Նախագահ Օլանդը մասամբ ցույց տվեց, որ հավանություն չի տալիս կոշտ խնայողության միջոցներ մտցնելու Գերմանիայի կոչերին, իհարկե՝ ընդունելի այլընտրանք չի առաջարկել։ Օլանդը Հարավային Եվրոպայի երկրների միություն չկազմեց՝ ի հակակշիռ գերմանացիների։ Միևնույն ժամանակ, Օլանդին չհաջողվեց բնականոն աշխատանքային հարաբերություններ հաստատել տիկին Մերկելի հետ։ Բացի այդ, ֆրանսիացի չինովնիկները եվրոպական գործերում դադարեցին խաղալ այն դերը, որը կատարում էին մինչ այդ։ Այն բանից հետո, երբ Ժան-Կլոդ Թրիշեն թողեց պաշտոնը, ԵԿԲ ղեկին այլևս ֆրանսիացի չմնաց. մեկը կա, իհարկե՝ ներքին առևտրի գծով եվրահանձնակատար Միշել Բարնիեն, բայց նրա քաղաքական կշիռն այնքան էլ մեծ չէ։
Անգամ գերմանացի քաղաքական գործիչները հույս ունեն, որ այս ամենը ժամանակավոր է, և հենց որ ամեն բան հանդարտվի ու ձևավորվեն ԵՄ նոր կառույցներ, Գերմանիան կարիք չի ունենա այդքան ակնհայտորեն ընդգծելու իր նշանակալիությունը։ Դե ինչ, գեղեցիկ երազանք է։ Իհարկե, եվրոգոտու ճգնաժամը դեռ երկար կմնա, և այնքան էլ հասկանալի չէ, թե ԵՄ ինչ նոր կառույցներ են ի հայտ գալու դրա վերջանալուց հետո. բացի այդ, այնքան էլ պարզ չէ՝ արդյոք կթուլացնե՞ն, թե՞ կուժեղացնեն դրանք Գերրմանիայի հզորությունը։
Արդյունքում՝ բոլորին շարունակում է լիցքավորել Գերմանիան. չեքեր է ստորագրում, ստիպում է հետևել կանոններին և դրանց կազմավորմանը։ Եվ նման իրավիճակը վտանգավոր է ոչ միայն Եվրոպայի, այլ նաև, ի վերջո, հենց Գերմանիայի համար։
Գիդեոն Ռախման (Gideon Rachman)

 Աղբյուրը՝ "ИноСМИ"
Հրապարակման բնօրինակը՝ "The making of a German Europe"

Thursday, 25 July 2013

Սևրի և Լոզանի պայմանագրերի իրավական փոխհարաբերությունները

                       Արա Պապյան, Արևելագետ, «ՄոդուսՎիվենդի»կենտրոնի նախագահ

Սևրի և Լոզանի պայմանագրերի իրավական փոխհարաբերությունները 1923թ. հուլիսի 24-ին կնքվել է Լոզանի պայմանագիրը: Այս պայմանագրով, ըստ էության, Քեմալ Աթաթուրքն արեց այն, ինչ տարիներ հետո պիտի աներ Ադոլֆ Հիտլերը՝ վերատեսության ենթարկեց Առաջին համաշխարհային պատերազմի որոշ արդյունքներ:1
Այսուհանդերձ, Լոզանի պայմանագրի նշանակությունը գերագնահատվում է. այն փոփոխության չի ենթարկել, մինչևիսկ Թուրքիայի մասով, Առաջին աշխարհամարտի բոլոր արդյունքները, այլ միայն Լոզանի պայմանագիրը ստորագրած որոշ երկրների հետ վերատեսության է ենթարկել Սևրի պայմանագրի մի շարք դրույթներ: 
Թեև Հայաստանի Հանրապետությունը մաս չի կազմել Լոզանի պայմանագրին, հետևաբար, վերջինս ուղղակիորեն չի վերաբերում մեր երկրին, այնուամենայնիվ այն սերտորեն առնչվում է հայ ժողովրդին: Ուստի քննենք Լոզանի պայմանագիրն ու նրա իրավական փոխհարաբերությունները Սևրի պայմանագրի հետ՝ ըստ միջազգային իրավունքի:
Իրավական տեսանկյունից Սևրի պայմանագիրը և Լոզանի պայմանագիրը երկու տարբեր փաստաթղթեր են՝ տարբեր ոչ միայն մասնակիցների շրջանակով ու հարցերի ընդգրկումով, այլև, ամենակարևորը՝ էությամբ ու նպատակներով: Սևրի պայմանագիրը վերաբերում է Առաջին համաշխարհային պատերազմին, իսկ Լոզանի պայմանագիրը՝ 1919-1922թթ. տեղի ունեցած պատերազմական գործողություններին:
Այսպես, եթե Սևրի պայմանագրի առաջնային նպատակը մի կողմից Գլխավոր դաշնակից ուժերի 2 (Principal Allied Powers) և Դաշնակից ուժերի 3 (Allied Powers), իսկ մյուս կողմից Թուրքիայի միջև Առաջին համաշխարհային պատերազմին պաշտոնապես վերջ տալն էր և նրա փոխարինումը կայուն, արդար ու տևական խաղաղությամբ (by a
firm, just and durable peace),
ապա Լոզանի պայմանագրի նպատակն ընդամենը Բարձր պայմանավորվող կողմերի 4
(High Contracting Parties)
և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության (The Government of the Grand National Assembly of Turkey), և ոչ թե՝ Թուրքիայի կառավարության, միջև սոսկ պատերազմական իրավիճակի դադարեցումն էր:
Վերոհիշյալից ակնհայտ է, որ Լոզանի պայմանագրում խոսքը չի գնում օրինապես հայտարարված պատերազմը, ինչպիսին էր, օրինակ, Առաջին համաշխարհայինը, խաղաղությամբ փոխարինելու մասին, այլ սոսկ տարածաշրջանում 1914թ.-ից առկա պատերազմական իրավիճակին վերջ տալու մասին (…to bring to a final close the state of war which has existed in the East since 1914…): Այսինքն, Լոզանի պայմանագիրը վերաբերում է Մուդրոսի զինադադարը (30 հոկտեմբերի, 1918թ.) ոտնահարող քեմալականների անօրինական ռազմական գործողությունները դադարեցնելուն: Սա փաստվում է նաև Լոզանի պայմանագրի 1-ին հոդվածով, որը խոսում է խաղաղության ոչ թե հաստատման, այլ վերահաստատման մասին (…the state of peace will be definitely re-established …): 
Այստեղ անհրաժեշտ է ընդգծել, որ միջազգային իրավունքը հստակորեն տարբերակում է պատերազմ (war) և պատերազմական իրավիճակ (state of war) հասկացությունները: Միայն ինքնիշխան երկրներն իրավունք ունեն մղելու պատերազմ. մնացած զինված բախումների (armed conflicts) դեպքում այն բնորոշվում է որպես պատերազմական իրավիճակ:5
Լոզանի պայմանագրի մեջ Բարձր պայմանավորվող կողմերը հստակորեն արտահայտել են իրենց քաղաքական կամքն առ քեմալականները. վերջիններս չեն ճանաչվել որպես պետության օրինական ներկայացուցիչներ, այլ նրանց շնորհվել է միայն կռվող կողմ լինելու կարգավիճակը (recognition of belligerency):
Ուրիշ բան, որ Լոզանի պայմանագիրը վերատեսության է ենթարկել 1919-1922թթ. ռազմական գործողություններին ուղղակի կամ անուղղակի մասնակից մի շարք երկրներին առնչվող դրույթներ, որոնց անդրադարձել էր նաև Սևրի պայմանագիրը: Միջազգային իրավունքը չի արգելում նոր պայմանագրի կնքումը նախկինում կնքված պայմանագրի դրույթների փոփոխմամբ կամ բազմակողմ պայմանագրի նորափոխումը (modification) պայմանագրին մաս կազմող 2 և ավելի կողմերի անունից: Սակայն միանշանակ է, որ նոր պայմանագիրը, ինչպես ամեն մի պայմանագիր, կարող է վերաբերել միմիայն տվյալ պայմանագրին մաս կազմող կողմերին, 6 իսկ պայմանագրի նորափոխումները կարող են վերաբերել միայն նորափոխումների մասնակիցներին և չեն կարող որևէ ազդեցություն ունենալ այլ երկրների իրավունքների և պարտավորությունների վրա:7
Դեռևս XIX դ. կեսերից միջազգային իրավունքը զարգացրել էր հստակ դիրքորոշում՝ պայմանագրի ոչ մի փոփոխություն կամ նորափոխում չի կարող լինել իրավականորեն վավերական առանց նախկին պայմանագրի բոլոր կողմերի մասնակցության: Լոնդոնի կոնֆերանսի Առաջին արձանագրության առդիր Հռչակագիրը (13 մարտի, 1871թ.) (The Declaration annexed to the First Protocol of the London Conference, 13 March 1871), որին մաս են կազմել 7 երկիր, 8
այդ թվում նաև Թուրքիան, միանշանակորեն հռչակում է. «Ազգերի իրավունքի էական սկզբունքն է, որ ոչ մի երկիր իրեն չի կարող ձերբազատել պայմանագրի պարտավորություններից և ոչ էլ կարող է նորափոխել դրա պայմանները, քանի դեռ չունի բոլոր մասնակիցների բարեհաճ համաձայնությունը»: 9
Այսու, Հայաստանի Հանրապետությունը, բռնազավթված լինելու պատճառով, չի մասնակցել Լոզանի կոնֆերանսին և չի ստորագրել այդ պայմանագիրը: Ըստ այդմ, Լոզանի պայմանագիրը որևէ իրավական պարտավորություն չի ստեղծել և չի ստեղծում Հայաստանի Հանրապետության համար: Գործում է միջազգային իրավունքի Res inter alios acta (մասն չես, պարտավոր չես) սկզբունքը:
Մյուս հարցը, որին հարկ ենք համարում անդրադառնալ, այն մոլորությունն է՝ իբր Լոզանի պայմանագիրը չեղյալ է հայտարարել Սևրի պայմանագիրը: Քննություն չբռնող և միանգամայն հիմնազուրկ տեսակետ: Վիեննայի Պայմանագրերի մասին կոնվենցիան (Vienna Convention on the Law of Treaties, 1969), որի մեջ ամրագրված է դարեր ի վեր միջազգային իրավունքում գործող ընթացակարգը, շատ հստակ է պայմանագրերի դադարեցման կամ կասեցման վերաբեր-յալ: Մասնավորապես, նշյալ կոնվենցիայի 59-րդ հոդվածի 2-րդ կետը միանշանակորեն ամրագրում է. «Ավելի վաղ կնքված պայմանագրի գործունեությունը կհամարվի դադարեցված միայն այն դեպքում, եթե դա ակնհայտ է ավելի ուշ կնքված պայմանագրից կամ մեկ այլ ձևով հավաստվում է, որ այդպիսին է եղել կողմերի մտադրությունը»:
Լոզանի պայմանագրից ոչ միայն ակնհայտ չէ, որ կողմերը մտադիր էին չեղյալ հայտարարել Սևրի պայմանագիրը, այլև Լոզանի պայմանագրում ընդհանրապես հիշատակում չկա Սևրի պայմանագրի մասին: Ավելի պարզ ասած՝ պայմանագիրը կարող է չեղյալ հայտարարվել ոչ այլ կերպ, եթե ոչ պայմանագիրը կնքած կողմերի, անհրաժեշտ է շեշտել՝ բոլոր կողմերի, 10 դրա մասին միանշանակ հայտարարումով: Միջազգային իրավունքի էական սկզբունքներից է, որ ոչ մի պետություն չի կարող ձերբազատվել պայմանագրի պարտավորություններից և ոչ էլ կարող է նորափոխել 
դրա պայմանները, քանի դեռ չունի մյուս պայմանավորվող բոլոր կողմերի հստակ համաձայնությունը: 11
Հայաստանի Հանրապետությունը մասն չէր այդ պայմանագրին՝ բռնազավթված լինելու պատճառով…
Բերենք մի պարզ, բայց խոսուն օրինակ: Մյունխենի (1938թ.) պայմանագրով Սուդեթը (Sudetenland) Չեխոսլովակիայից անցել էր Գերմանիային: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Սուդեթը վերադարձվել էր Չեխոսլովակիային: Սակայն, չնայած պարտված Գերմանիայի կնքած բազմաթիվ ու բազմաբնույթ պայմանագրերին, Մյունխենի պայմանագիրը չեղյալ չէր հայտարարվել և, հետևաբար, այն մնում էր ուժի մեջ: Եւ միայն 1973թ. դեկտեմբերին
Արևմտյան Գերմանիան, որպես Երրորդ Ռայխի իրավահաջորդ, պայմանագիր կնքեց Չեխոսլովակիայի հետ, որով կողմերը չեղյալ հայտարարեցին իրենց 1938թ. կնքած պայմանագիրը:12
Թեև, Սևրի պայմանագրի առումով մենք չեն կարող ասել, որ այն ուժի մեջ է, քանի որ վավերացման գործընթացի թերի մնալու պատճառով այն ի սկզբանե չի մտել ուժի մեջ, այսուհանդերձ սխալ է նաև այն պնդումը, որ Լոզանը չեղյալ է հայտարարել Սևրը: 
Լոզանը չէր կարող դա անել, քանի որ նշյալ պայմանագիրը և՛ իր բնույթով, և՛ ստորագրողների շրջանակով էապես տարբերվում է Սևրի պայմանագրից: Այսինքն, ներկայումս Սևրի պայմանագիրը միջազգային իրավունքի վավերական փաստաթուղթ է, որը բանակցվել և ստորագրվել է օրինական ընթացակարգի համաձայն, սակայն ուժի մեջ չի մտել (valid but not in force): Եթե պատկերացնենք անհնարինը, ասենք՝ Սևրի պայմանագիրը ստորագրած բոլոր երկրները վավերացնեն այն, ապա այն օրինապես կմտնի ուժի մեջ:
Այստեղ անհրաժեշտ է շեշտել, որ Սևրի պայմանագրի անկատար լինելը (unperfected treaty), ինչպես միջազգային իրավունքում կոչվում են չվավերացված պայմանագրերը, 13 չի խաթարում ՀՀ իրավունքները, քանի որ Թուրքիայի պարտավորությունները ՀՀ նկատմամբ բխում են ոչ թե Սևրի պայմանագրից, այլ այդ պայմանագրից ածանցվող ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռից (22 նոյեմբերի, 1920թ.):14
Չնայած Լոզանի պայմանագրում չկա որևէ հիշատակում Հայաստանի և հայերի մասին, սակայն այն 2 առումով առնչվում է մեզ: Լոզանի պայմանագրի ողջ Երրորդ բաժինը (հոդվածներ 37-45) վերաբերում է Թուրքիայի ոչ-մուսուլման փոքրամասնություններին: Ընդ որում, փոքրամասնություններին վերաբերող հոդվածներին տրվել է հիմնարար օրենքի (fundamental law) ուժ, այսինքն՝ դրանք անբեկանելի և անփոփոխելի պետք է լինեն: Սա մի առանձին հոդվածի նյութ է, որին կանդրադառնանք առաջիկայում:
Հայաստանի երկրորդ աղերսը Լոզանի պայմանագրի հետ ի հայտ է գալիս Թուրքիայի ստեղծվելիք հանրապետության տարածքի իրավական ձևակերպման առնչությամբ: Լոզանի պայմանագրի 16-րդ հոդվածի առաջին պարբերությունը հռչակում է. «Այսու Թուրքիան հրաժարվում է բոլոր այն տարածքների ու կղզիների տիտղոսից և դրանց նկատմամբ իր բոլոր իրավունքներից, որոնք գտնվում են սույն պայմանագրով գծած սահմաններից դուրս, ի բացառյալ նրանց, որոնց նկատմամբ սույն պայմանագրով ճանաչվել է նրա ինքնիշխանությունը: Այդ տարածքների և կղզիների ապագան լուծել են կամ կլուծեն շահագրգիռ կողմերը»: Քանի որ Լոզանի պայմանագիրը հստակեցնում է Թուրքիայի սահմանը Բուլղարիայի (հոդված 2.1), Հունաստանի (հոդված 2.2), Սիրիայի (հոդված 3.1) և Իրաքի (հոդված 3.2) հետ, ուստի թուրքական իրավունքներն ու տիտղոսը ճանաչվում են միմիայն այդ սահմանագծից ներս ընկած տարածքների վրա:
Լոզանի պայմանագիրը չի անդրադարձել հայ-թուրքական սահմանին: Սրա պատճառն այն է, որ այն արդեն իսկ և մեկընդմիշտ որոշված էր ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի անբեկանելի և կատարման համար պարտադիր իրավարար վճռով (22 նոյեմբերի, 1920թ.): Քանի որ իրավարար վճռով հայաստանապատկան դարձած տարածքները Լոզանի պայմանագրով ներառված չեն հետագայում (29 հոկտեմբերի, 1923թ.-ից) որպես Թուրքիայի Հանրապետություն ճանաչված երկրի սահմաններից ներս, ուստի Լոզանում Թուրքիայի անունից հանդես եկող պատվիրակությունը 16-րդ հոդվածով15 հրաժարվել է դրա տիտղոսից և դրա նկատմամբ իրավունքներից: Լոզանի պայմանագրի 16-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը վերահաստատում է այդ իրողությունը. «Սույն հոդվածի դրույթները չեն ներազդում բարիդրացիական հարաբերություններից բխող այն հատուկ պայմանավորվածությունների վրա, որոնք կայացել են կամ կարող են կայանալ Թուրքիայի և սահմանակից երկրներից որևէ մեկի միջև»: 
Պետք է ուշադրություն դարձնել այն կարևոր հանգամանքի վրա, որ 16-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը խոսում է սահմանները հստակեցնող ոչ թե պայմանագրի կամ համաձայնագրի, այլ «հատուկ պայմանավորվածությունների» (special arrangements) մասին, որոնց թվին է պատկանում նաև իրավարար վճիռը:
Այսպիսով, Լոզանի պայմանագրի 16-րդ հոդվածը վերահաստատել է Սևրի պայմանագրի 90-րդ հոդվածի Թուրքիայի հրաժարումը բոլոր այն տարածքներից, որոնք Վուդրո Վիլսոնի իրավարար վճռով փոխանցվել էին Հայաստանի Հանրապետությանը: 
Ամփոփելով վերոշարադրյալը՝ կարելի է անել հետևյալ եզրակացությունները.
- Սևրի և Լոզանի պայմանագրերը իրավական երկու տարբեր փաստաթղթեր են:
- Լոզանի պայմանագիրն իրավասու չէր և չեղյալ չի հայտարարել Սևրի պայմանագիրը:
- Լոզանի պայմանագիրը, հիմնական օրենքի կարգավիճակով, ամրագրել է ոչ-մուսուլման փոքրամասնությունների 
իրավունքները:
- Լոզանի պայմանագիրը վերահաստատել է Թուրքիայի հրաժարումը իրավարար վճռով Հայաստանի Հանրապետությանը փոխանցված տարածքների տիտղոսից և իրավունքից:
Հղումներ և ծանոթագրություն 
1. Hudson G.F. Turkey, Greece and the Eastern Mediterranean. Oxford, 1939, p. 16.
2. Բրիտանական կայսրություն, Ֆրանսիա, ԻտալիաևՃապոնիա:
3.Հայաստան, Բելգիա, Հունաստան, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Սերբ-Խորվաթ-Սլովենական պետություն, Չեխոսլովակիա և Հեջազ (ներկայումս՝ Սաուդյան Արաբիա) (վերջինս չի ստորագրել պայմանագիրը):
4. Բրիտանական կայսրություն, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Հունաստան, Ռումինիա, Սերբ-Խորվաթ-Սլովենական պետություն (վերջինս չի ստորագրել պայմանագիրը):
5. Armed Conflict. In: Encyclopedia of Public International Law. Amsterdam, 1992, v. I, p. 250.
6. Vienna Convention (1969), Article 34. “A treaty does not create either obligations or rights for a third State without its consent”.
7. Vienna Convention (1969), Article 41. “Two or more of the parties to a multilateral treaty may conclude an agreement to modify the treaty as between themselves alone if: (b) the modification in question is not prohibited by the treaty and: (b) (i) does not affect the enjoyment by the other parties of their rights under the treaty or the performance of their obligations”.
8. Արձանագրությունը ստորագրած մյուս երկրներն էին՝ Ավստրո-Հունգարիա, Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Իտալիա և Ռուսաստան:
9. McNair (Lord). Law of Treaties. Oxford, 1961, p. 230.
10. Տե՛ս՝Վիեննայի կոնվենցիայի (1969թ.) 59-րդհոդվածի 1-ինկետը:
11.McNair (Lord), Ibid, p. 230.
12.Huth P.K. Standing Your Ground, Territorial Disputes and International Conflict. Detroit, 1996, p. 207-8.
13.Չվավերացված պայմանագրերի իրավական կարգավիճակի մասին Ավելի հանգամանալից տե՛ս. Reisman W.M. Unratified Treaties and Other Unperfected Acts in International Law: Constitutional Functions. Vanderbilt J Transnat Law 2002;35(3):729.
14.Վիլսոնի իրավարար վճռի մասին Ավելի հանգամանալից տե՛ս. Պապյան Ա. Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը Հայաստանի և Թուրքիայի սահմանի վերաբերյալ. Ազգ, 28 դեկ 2006, էջ 3; Պապյան Ա. Ամերիկայի Միացյալ Նահանգների սահմանադրությունը, Հայկական հարցը և Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը. Ազգ, 28 փետ 2007, էջ 5:
15.
Ուշագրավ զուգադիպությամբ միջազգային պայմանագրերում Հայկական հարցին առնչվող և՛ առաջին (տե՛ս՝ Սան Ստեֆանոյի պայմանագիրը, 3.III.1878), և՛ վերջին հոդվածը (տե՛ս՝Լոզանիպայմանագիրը, 24.VII.1923) կրում են միևնույն՝ 16 թիվը