ԱՄՆ-ի ԿՀՎ-ի ղեկավարի առաջին տեղակալ Մայքլ Մորելլայի` թոշակի անցնելուց առաջ սիրիական խնդրի հետ կապված աղմկոտ հայտարարությունից հետո ԱՄՆ-ում կարծես գնալով ավելանում են համանման արձագանքների հասցեատերերի քանակը: Մայքլ Մորելան նշել էր, որ Ասադի ռեժիմի տապալումից հետո Սիրիան կարող է վերածվել ահաբեկիչների իսկական կայանատեղի` այդ թվում աշխարհում խոշորագույն ահաբեկճական-իսլամիստական <Ալ-Քաիդա>-ի ներկայացուցիչների համար:
Այսօր արդեն իր միլիոնավոր ընթերցողներին այս մասին տեղեկացնում է նաև ամերիկյան պարբերականը` գրելով. <Սիրիայի տարածքի այն մասերը, որոնք ներկայումս գտնվում են ծայրահեղական ահաբեկչական իսլամիստ խմբավորումների վերահսկողության տակ, կարող են վերածվել աշխարհին սպառնացող խոշորագույն ահաբեկչական վտանգներից մեկի>: Այնուհետև պարբերականը ավելացնում է. <Այսօր արդեն ջիհադդիստական խմբավորումները, որոնք իրենց մեջ ներառում են ավելի քան 6 հազար արտասահմանցիների միտում ունեն ավելացնելու իրենց ներկայացվածությունը Սիրիայում, ինչը քանակապես ավելին կլինի, քան այն ժամանակ, երբ այդպիսի ուժերը Իրաքում էին ընդդիմանում ամերիկացիներին>:
Տեղեկացնենք, որ ամերիկյան և ընդհանրապես արևմտյան մամուլը` ի դեմս հեղինակավոր վերլուծականների և պարբերականների տևական ժամանակ շեշտադրում էր այն հանգամանքը, որ Ասսադի ռեժիմի դեմ պայքարող խմբերին ահաբեկիչներ անվանելը հենց սիրիական իշխանությունների քարոզչական թեզն է, իսկ իրենց մեկնաբանություններում և հոդվածներում այդ պարբերականները իսլամիստ ծայրահեղականներին անվանում էին <ընդդիմադիրներ>, <ժողովրդավարական հեղափոխության կողմնակիցներ>, <սիրիական ազատ բանակի մարտիկներ>: Սակայն այժմ, երբ նշամարվում են իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու միտումները, որոնք ակնհայտորեն ցույց են տալիս, որ զինված ջիհադիստական խմբավորումները և այլ ծայրահեղական իսլամիստական խմբավորումներ սկսում են իրենց ինքնուրույն խաղը խաղալ` արևմտյան մեդիադաշտը սկսում է փոխել նախկին շեշտադրումները, որոնք իրենց բովանդակությամբ քաղաքական նպատակներ հետապնդող քարոզչական թեզեր էին: Այս նոր հռետորաբանությունը միտված է նաև իր վրա հրավիրել Սիրիայում գործող քիչ թե շատ առավել աշխարհիկ հակաիշխանական ուժերի ուշադրությունը` վերջիններիս հասկացնելով իրավիճակի կառավարումը իրենց ձեռքը վերցնելու կարևորության մասին, ինչը ներկայումս արևմուտքի գերակա մտահոգությունն է: - Մեկնաբանությունը` Polit Time-ի:

No comments:
Post a Comment