«Հայաստանը չի կայացել
որպես պետություն: Այն ոչ թե քաղաքականության սուբյեկտ է, այլ՝ օբյեկտ: Այդ
պատճառով Ռուսաստանը, ինչպես նաև մյուս օտարերկրյա պետությունները, Հայաստանին
վերաբերվում են որպես օբյեկտի և նրա նկատմամբ որդեգրել ու իրականացնում են ոչ թե
գործընկերային, այլ սպառողական քաղաքականություն»,- Ռուսաստանի կողմից Ադրբեջանին
զենք վաճառելու երևույթին այսպիսի բացատրություն է տալիս ազատամարտիկ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար
Ժիրայր Սեֆիլյանը և հավելում, որ մեր ժողովրդի իշխանությունը յուրացրած, նրա կամքի
վրա բռնացող և նրան կեղեքող վարչախումբն իր կառավարումը երկարաձգելու համար
ստիպված է ավելի ու ավելի շատ հենվել օտար ուժերի վրա՝ Հայաստանի և հայության
շահերի հաշվին սպասարկելով օտար տերերի պետական և իր ներկայացուցիչների կլանային
ու անձնական շահերը:
Ժիրայր Սեֆիլյանը Ռուսաստանի քաղաքականության վրա ազդող գործոն է
համարում նաև վերջինիս դերը միջազգային ասպարեզում և գտնում, որ երբեմնի հզոր
համաշխարհային գերտերության՝ ԽՍՀՄ-ի իրավահաջորդն է, ներկայում ծանր ժամանակներ է
ապրում և ամենախոշոր տրամաչափի աշխարհաքաղաքական հարցերում չի կարող գործել որպես
լիարժեքորեն ինքնուրույն սուբյեկտ:
Սեֆիլյանը աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների ռազմավարական
շահերի իրացման համար հանգուցային նշանակություն է տալիս Արցախին և կարծիք
հայտնում, որ Ռուսաստանը նպատակ ունի այնպես անել, որ Արցախի հարցի վերջնական
լուծումը կախված չլինի Հայաստանի կամքից և հնարավորություններից: Նշված նպատակի
իրականացումը ապահովելու համար անհրաժեշտ է երկու պայմանների առկայություն:
Առաջին՝ Ադրբեջանն ու Հայաստանը, հատկապես՝ Հայաստանը, պետք է չլինեն ինքնուրույն
պետություններ: Երկրորդ՝ Ադրբեջանը պետք է լինի հարձակվողի, իսկ Հայաստանը՝
պաշտպանվողի դերում: «Ահա թե ինչու Ադրբեջանին թույլ են տալիս զինվել, իսկ
Հայաստանին զսպում են, Ադրբեջանին տալիս են հարձակողական, իսկ Հայաստանին՝
պաշտպանողական սպառազինություն»,- եզրակացնում է ազատամարտիկը:
Նյութն ամբողջությամբ` http://www.galatv.am/news/view/sefilyan-arm-azerbaijan.html

No comments:
Post a Comment