Страницы

Friday, 5 July 2013

Եգիպտոսի բանակը երաշխավորել է բողոքի ակցիաներ անցկացնելու իրավունքը

Եգիպտոսի բանակը երաշխավորել է երկրի բնակիչների բողոքի ակցիաներ անցկացնելու իրավունքը և խոստացել ճնշումներ չգործադրել այլ քաղաքական խմբավորումների նկատմամբ: Ինչպես հաղորդում է AFP-ն, այս մասին ասված է երկրի զինված ուժերի հրամանատարության հուլիսի 5-ի հայտարարության մեջ:
Միաժամանակ զինվորականները եգիպտացիներին կոչ են արել չչարաշահել ցույցեր անցկացնելու իրենց իրավունքը` հավելելով, որ համապատասխան միջոցառումներ կձեռնարկեն միայն այն ժամանակ, երբ ակցիաների մասնակիցների գործողությունները սպառնան ազգային անվտանգությանը: Այդպիսի գործողությունների թվում զինվորականները նշել են ճանապարհների արգելափակումը, հաստատություններում և գործակալություններում աշխատանքի խախտումները:
Հուլիսի 4-ին՝ այն բանից հետո, երբ հայտարարվեց նախագահ Մուհամադ Մուրսիի պաշտոնանկ արվելու մասին, Եգիպտոսում նախագահի կողմնակկիցների և հակառակորդների միջև բախումների հետևանքով զոհվել է 30 մարդ: Հուլիսի 5-ի վաղ առավոտյան իսլամիստ գրոհայինները կրակոցներ են արձակել Սինայի թերակղզում մի շարք ռազմական անցակետերի վրա, ինչպես նաև Գազայի հատվածի հետ սահմանի վրա գտնվող ոստիկանական բաժանմունքի վրա, ինչի արդյունքում մեկ զինվոր է սպանվել, երկուսը՝ վիրավորվել:
Հիշեցնենք, որ եգիպտական բանակի հրամանատար Աբդ ալ Ֆաթահ Սիսին հուլիսի 3-ի ուշ երեկոյան Եգիպտոսի ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում հայտարարեց, որ նախագահ Մուհամադ Մուրսին հեռացված է իշխանությունից։
Գեներալ Սիսին հեռուստաուղերձում նշեց քաղաքական ճգնաժամի կարգավորմանն ուղղված միջոցառումները՝ Սահմանադրության գործողությունն առկախվում է, երկրի հիմանական օրենքը կվերանայվնի հատուկ ստեղծված հանձնաժողովի կողմից, պետության ղեկավարումը ժամանակավորապես հանձնարավում է Գերագույն սահմանադրական դատարանիղեկավարին, նշանակվելու է տեխնոկրատների ժամանակավոր կառավարություն և անցկացվելու են նախագահական վաղաժամ ընտրություններ, հակաօրինական ցանկացած գործողություն խիստ կասեցվելու է իրավապահ ուժերի կողմից, լրատվամիջոցներում կսկսի գործել սահմանափակ գրաքննություն։
Զինվորականները Եգիպտոսում քաղաքական ճգնաժամի կարգավորմանը միջամտեցին չորս օր շարունակվող զանգվածային ցույցերից հետո։ Ներկայում Մուրսին և «Մուսուլման եղբայրներ» շարժման նրա բոլոր զինակիցները կալանքի տակ են:

http://civilnet.am/2013/07/05/%D5%A5%D5%A3%D5%AB%D5%BA%D5%BF%D5%B8%D5%BD%D5%AB-%D5%A2%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A8-%D5%A5%D6%80%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%A5%D5%AC-%D5%A7-%D5%A2%D5%B8%D5%B2%D5%B8%D6%84%D5%AB/

No comments:

Post a Comment