Մեծ Բրիտանիայի իշխանությունները Լոնդոնի վեց շրջաններ բաց
կթղնեն գովազդային պաստառներով բեռնատարներ, որոնց վրա պատկերված են անօրինական
միգրանտներին ուղղված երկիրը լքելու կոչեր: Հակառակ դեպքում ներգաղթյալներին
սպասվում է ձերբակալություն: Այդ մասին հաղորդում է BBC News-ը:
Վահանակների վրա գրված են նաև այնպիսի ծառայությունների
հեղախոսահամարներ, որոնք միգրանտին կտեղեկացնեն ինչպես վերադառնալ հայրենիք: Բացի
այդ քաղաքում կտարածվեն նմանատիպ կոչերով թռուցիկներ և թերթեր:
Բեռնատարները կշրջեն Լոնդոնի այնպիսի թաղամասերով, ինչպիսիք
են՝ Բառնետը, Հաունսլոուն, Բառկինգ և Դահենեմը, Իլինգը, Բրենթ և Ռաբրիջը: Ինչպես
տեղեկացնում է Huffington Post-ը այդ թաղամասերում անօրինական ներգաղթյալների
կուտակումներն ամենամեծն են:
Բեռնատարները և թռուցիկները կազմում են միգրացիոն
բարեփոխման միայն մի մասը: Հետագայում իշխանությունները ցանկանում են այդ
ճանապարհով հրապարակել նաև յուրաքանչյուր թաղամասում առկա անօրինական
ներգաղթյալների քանակը:
Բրիտանիայի միգրացիոն հարցերով նախարար Մարկ Հարերը
պարզաբանել է, որ նման գովազդն արվում է հենց ներգաղթյալների բարեկեցության համար:
Ըստ նրա՝ ամեն տարի ոստիկանությունը միգրացիոն օրենսդրության խախտման համար ձերբակալում
է հսկայական քանակությամբ միգրանտների: Եթե անօրինական ներգաղթյալներն օգտվեն
գովազդի խորհուրդներից և դիմեն իշխանություններին, ապա կարող են խուսափել բանտից:
Բրիտանական իշխանությունների ծրագիրը ենթարկվել է նաև
քննադատության: Կառավարության նախկին անդամ Սառա Թիդեր The Guardian թերթին հայտարարել է, որ իշխանության նման արշավն ուղղված է
ներգաղթյալներին վախեցնելու: Բրենթի ՏԻՄ ղեկավար Մուհամեդ Բատտի խոսքերով էլ այդ
ուղերձները կհանգեցնեն ներգաղթյալների նկատմամբ տեղի բնակչության ագրեսիվ
վերաբերմունքի:
Ինչպես տեղեկացնում է Huffington Post-ը, միգրացիոն բարեփոխումը
մեկնարկել է այն բանից հետո, երբ երկրում ներգաղթի մակարդակը հասել է
առավելագույնին վերջին 10 տարվա ընթացքում: Համաձայն վերջերս անցկացված
մարդահամարի 2001-ից 2011թթ Անգլիայի և Ուելսի բնակչությունը միգրանտների հաշվին
ավելացել է 2.1 մլն-ով:


No comments:
Post a Comment