Страницы

Thursday, 8 August 2013

Ցմահ ազատազրկված գեներալը փորձել է փակել Էրդողանի գլխավորած կուսակցությունը

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Իլքեր Բաշբուղը կարևոր դեր է խաղացել ներկայում Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (ԱԶԿ) փակելու նախաձեռնության մեջ. Haberler.com կայքի հաղորդմամբ` այսպիսի  հայտարարություն է արել ԱԶԿ-ի պատգամավոր Շամիլ Թայյարը` գնահատելով «Էրգենեկոնի» գործով դատավճիռը: 
«Եթե «Էրգենեկոնը» հասներ իր նպատակին, ապա ԱԶԿ-ն ներկայում փակված կլիներ, իսկ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը և վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավանաբար բանտում կլինեին: Ինչ վերաբերում է թուրքական բանակի գլխավոր շտաբի նակխին պետ Իլքեր Բաշբուղին, ապա նա ԱԶԿ-ն փակելու նախաձեռնության մեջ մեծ ու կարևոր դեր է խաղացել ու հրաման տվողն է եղել»,- ընդգծել է թուրք պատգամավորը:
Օգոստոսի 5-ին ավարտվել է «Էրգենեկոն» կազմակերպության դատը, որով Իքլեր Բաշբուղը և մի շարք այլ գեներալներ ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու և ռազմական հեղաշրջում կազմակերպելու մեղադրանքով ցմահ բանտարկվել են: Սա ԱԶԿ-ի և նրա ղեկավար Էրդողանի հաղթանակն էր զինվորականության նկատմամբ, որը ռազմական հեղաշրջման միջոցով նախկինում անարգել իր ձեռքն էր վերցնում քաղաքացիական իշխանությունը:
ԱԶԿ-ն ստեղծվել է 2001թ. և մեկ տարի անց եկել իշխանության գլուխ: Իսլամամետ հայացքներով հայտնի կուսակցության գործունեությունը հենց սկզբից հանդիպել է աշխարհիկ կարգերի պաշտպան բարձրագույն զինվորականության հակազդեցությանը:

2008թ. Թուրքիայի վճռաբեկ դատարանը դիմել էր Սահմանադրական դատարան` ԱԶԿ-ն փակելու նպատակով: Ըստ Թուրքիայի վճռաբեկ դատարանի` ԱԶԿ-ի գործունեությունը հակասում էր աշխարհիկության սկզբունքներին: Եթե սահմանադրական դատարանի 11 անդամներից 7-ը կողմ քվեարկեին, ապա ԱԶԿ-ն կփակվեր, իսկ Գյուլն ու Էրդողանը 5 տարի քաղաքականությամբ զբաղվելու իրավունք չէին ունենա: Սահմանադրական դատարանը սակայն չթույլատրեց փակել կուսակցությունը: Թուրքիայում բոլորը հասկանում էին, որ Էրդողանի գլխավորած կուսակցությունը փակելու նախաձեռնության հետևում Թուրքիայի բարձրագույն զինվորականությունն է կանգնած:

No comments:

Post a Comment