Եգիպտոսը մտադիր է ճանաչել Օսմանյան կայսրությունում 1915 թ.-ի Հայոց
ցեղասպանությունը: Այս մասին Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ, Twitter-ի իր միկրոբլոգում օգոստոսի 18-ին գրառում է արել
Եգիպտոսի ներկայիս նախագահ Ադլի Մանսուրը:
«ՄԱԿ-ում Եգիպտոսի ներկայացուցիչները կստորագրեն միջազգային փաստաթուղթ,
որով ճանաչվում է թուրքական բանակի կողմից իրականացված մեկ միլիոն հայերի
ցեղասպանությունը»,- գրել է Եգիպտոսի նախագահը:
Թուրքիայում տագնապ է առաջացրել Եգիպտոսի նոր իշխանությունների անունից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ ՄԱԿ-ում փաստաթուղթ ստորագրելու մասին տարածված հայտարարությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական Timeturk լրատվական կայքն այդ կապակցությամբ գրել է, որ Եգիպտոսում տեղի ունեցած իշխանափոխությունը, ինչը Թուրքիայում «եգիպտական հեղաշրջում» են անվանում, ն որ խնդիրներ կառաջացնի Հայոց ցեղասպանության հարցում:
Ադլի Մանսուրի հրապարակման հետ կապված պատմաբան Ռուբեն Մելքոնյանը գտնում է, որ Եգիպտոսի կողմից Հայոց
ցեղասպանության խնդրի բարձրացումն ունի քաղաքական շարժառիթ: Ցեղասպանության
ճանաչման հայտարարությունը, որ հնչել է եգիպտական իշխանությունների կողմից
եգիպտաթուրքական հարաբերությունների վատացման ֆոնին, ևս մեկ անգամ ապացուցում է,
որ ցեղասպանության հարցը քաղաքականացվել է և դիտարկվում է հենց այդ համատեքստում:
«Այս պահին երկու երկիր կա, որոնց օրակարգում Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրն է, մեկը Եգիպտոսն է, մյուսը՝ Իսրայելը և երկուսն էլ որոշակի խնդիրներ ունեն Թուրքիայի հետ»,– ընդգծեց պատմաբանը՝ ավելացնելով, որ մենք բազմիցս ականատես ենք եղել, թե ինչպես է Հայոց ցեղասպանության հարցն առաջին պլան մղվում, երբ լարվում են թուրք-իսրայելական հարաբերությունները:
Նրա խոսքով՝ սակայն, երբ այդ հարաբերությունները
կարգավորվում են կամ Իսրայելը ստանում է իր ակնկալիքը Թուրքիայից, Ցեղասպանության
հարցը անմիջապես դուրս է գալիս օրակարգից կամ սառեցվում է:
«Ես կարող եմ վստահությամբ կանխատեսել, որ Եգիպտոսի
պարագայում նույնն է լինելու, այսինքն, հենց թուրք-եգիպտական հարաբերությունները
կարգավորվեն կամ լարվածությունը անցնի՝ Ցեղասպանության հարցն էլ դուրս կգա
Եգիպտոսի քաղաքական օրակարգից»,– նշեց նա:

No comments:
Post a Comment