Страницы

Thursday, 25 July 2013

Երկու «NK»-ները՝ Լեռնային Ղարաբաղը և Հյուսիսային Կորեան: Թոմաս դե Վաալի վերլուծականը

Ամերիկյան «Կարնեգի» հիմնադրամի Կովկասի հարցերով ավագ հետազոտող Թոմաս դե Վաալը հիմնադրամի մոսկովյան ստորաբաժանման կայքում՝ Carnegie.ru-ում հրապարակել է ուշագրավ մի հոդված, որում զուգահեռներ է անցկացրել Լեռնային Ղարաբաղի և Հյուսիսային Կորեայի միջև: Ասիա աշխարհամասում գտնվող այս երկու երկրների միջև համեմատական գիծ տանելու համար պատճառ է դարձել ոչ միայն դրանցտառային հապավումը՝ Հյուսիսային Կորեա (North Korea, անգլերենով հապավումը՝ NK) և Լեռնային Ղարաբաղ (Nagorny Karabakh, անգլերենով հապավումը՝ NK), այլև երկու «ՆԿ-ների» «պատերազմական անցյալը»՝ 1988-1994թ. ղարաբաղյան պատերազմը,  1950-1953թթ. կորեական պատերազմը՝ Հարավային և Հյուսիսային Կորեաների միջև, երկու պատերազմների ավարտն ազդարարած զինադադարը, որը պահպանվում է ցայսօր՝ 1994թ. Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև ստորագրված  հրադադարի մասին համաձայնագիրը, 1953թ. Հարավային և Հյուսիսային Կորեաների միջև ստորագրված զինադադարը (Երկրորդ համաշխարհային պատերազմում Ճապոնիայի պարտությունից հետո վերջ տրվեց ճապոնական գաղութային տիրապետությանը Կորեական թերակղզում: 1945 թ-ի օգոստոսի 15-ին անգլո-ամերիկյան դաշնակիցների հետ համաձայնությամբ Կորեայում ստեղծվեց 2 գոտի՝ խորհրդային՝ 38-րդ զուգահեռականից հյուսիս, և ամերիկյան՝ դեպի հարավ: 1950 թ-ին Հյուսիսային Կորեան երկու Կորեաները միավորելու նպատակով  սանձազերծեց պատերազմ, որն  ավարտվեց 1953 թ-ին կնքված զինադադարով, որը շարունակվում է առ այսօր), Կորեական թերակղզուց և հարավկովկասյան տարածաշրջանից ժամանակ առ ժամանակ հնչող ռազմատենչ հայտարարությունները...


Հրապարակումը թարգմանաբար ներկայացնում ենք առանց կրճատումների.

«Հետաքրքիր է՝ երբ Դուք օգտագործում եք NK՝ «ՆԿ» հապավումը, Ձեր դիմացինը մտածում է Դուք ի՞նչ նկատի ունեք… Քանի որ Ասիա աշխարհամասի երկու կողմերում երկու «NK» կա՝ Հյուսիսային Կորեա  (North Korea, NK) և Լեռնային Ղարաբաղ (Nagorny Karabakh, NK):
«Հյուսիսային Կորեա» անունը հասկանալի պատճառներով հաճախ է հայտնվում միջազգային լրատվամիջոցների առաջին էջերին: Երկու Կորեաների բնակչության թվի՝ 75 մլն (Հյս. Կորեան՝ մոտ 25 մլն բնակչություն, Հարավային Կորեան՝ ավելի քան 49 մլն), միջուկային զենքի (Հյուսիսային Կորեան ունի միջուկային զենքի պաշարներ) շուրջ լարվածության սրման վտանգի առկայության, Հյուսիսային Կորեայի առաջնորդների ռազմատենչ հռետորաբանության պատճառով ուշադրությունը հաճախ է սևեռվում Արևելյան Ասիայում գտնվող NK-ի կողմը՝ որպես պայթյունավտանգ կետի:

Այդուհանդերձ, Հյուսիսային Կորեայի և կովկասյան Լեռնային Ղարաբաղի միջև զուգահեռներ կարելի է անցկացնել: Քաշմիրի շփման գծի հետ միասին (Քաշմիրը վիճելի տարածք է Հնդկաստանի և Պակիստանի միջև) Լեռնային Ղարաբաղը և Հյուսիսային Կորեան աշխարհի երեք «ամենառազմականացված գոտիներն են». դրանք բոլորն էլ քարտեզի վրա վիճելի այն գոտիներն են, որտեղ պատերազմներն ավարտվել են զինադադարի մասին համաձայնագրի կնքմամբ: Այս շրջաններից ամենաանտեսվածը Լեռնային Ղարաբաղն է, որը քարտեզի վրա ահարկու սպի է՝ երկու կողմերում Առաջին համաշխարհային պատերազմի ոճով կառուցված խրամատներով և մեծ քանակությամբ ծանր սպառազինության առկայությամբ:
Ռազմական փորձագետների տվյալներով՝ հայկական (այդ թվում՝ ԼՂ-ի) և ադրբեջանական Զինված ուժերից յուրաքանչյուրն ունի 65 000-ից 70 000 զորք, որի մեկ երրորդը, ըստ ամենայնի, մշտապես տեղակայված է շփման գծում:
Լեռնային Ղարաբաղի համար պատերազմի վերսկսման վտանգը կարելի է ասել, որ հարաբերականորեն փոքր է: Ադրբեջանը 1990-ականներին տեղի ունեցած հակամարտության պարտված կողմն է, հետևաբար նաև այն կողմը, որն ամենայն հավանականությամբ կվերսկսի պատերազմը, բայց խնդրի ռազմական ճանապարհով կարգավորմանը դիմելու դեպքում նա շատ բան կկորցնի:

1914-ից օգոստոսից (Առաջին աշխարհամարտի՝ 1914-1918թթ.) մինչև 2008թ. օգոստոս (ռուս-վրացական պատերազմը) տեղի ունեցած ռազմական հակամարտություններից քաղված դասերը ցույց են տալիս, որ դրանք սկսվել են սխալ հաշվարկների պատճառով: Երկու կողմերում էլ (հայ և ադրբեջանական) գլխավոր հարցը հաղորդակցության բացակայությունն է: Շփման գծում հրամանատարների միջև հեռահաղորդակցություն չկա, ինչպես որ չկա 38-րդ զուգահեռականի երկու կողմերում, իսկ դա նշանակում է, որ զինված փոքր միջադեպը կարող է վերաճել մեծի: Իսկ ի՞նչը նման միջադեպի պատճառ կարող է դառնալ: Անհանգստանալու մեկ հստակ պատճառ արդեն կա՝ Ղարաբաղում նորակառույց օդանավակայանի բացումը: Հայկական կողմը հայտարարում է, որ պատրաստ է թռիչքներ գործարկել Երևանի և Ղարաբաղի միջև: Ադրբեջանցիներն էլ ասում են, որ դա Չիկագոյի կոնվենցիայի խախտում կլինի ու սպառնում են թռիչքների գործարկման դեպքում վրեժխնդիր լինել: Եվ հայերն առ այսօր,  հաշվի առնելով միջազգային ճնշումը, որևէ քայլ չեն ձեռնարկում: Սակայն վաղ թե ուշ նրանք կարող են թռիչք իրականացնել, իսկ այդ ժամանակ, հաշվի առնելով կողմերի միջև հաղորդակցության և վստահության բացակայությունը, դեպքերը կարող են վտանգավոր զարգացում ունենալ: Վերջում մեկ այլ դաս՝ ամենավտանգավոր հակամարտությունը հնարավոր է՝  հենց այն մեկն է, որը մենք չենք համարում ամենավտանգավորը»:


No comments:

Post a Comment