Страницы

Thursday, 18 July 2013

Երևանում տրանսպորտի թանկացումը կապ չունի գազի սակագնի հետ. քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքում ուղևորափոխադրումերի վարձավճարի՝ 50 դրամով և, համապատասխանաբար, 50 տոկոսով թանկացումը չի պայմանավորում գազի սակագնի բարձրացման հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիխ Նավասարդյանը և քաղաքապետի խորհրդական Սամվել Գևորգյանը:
Տարոն Մարգարյանի խորհրդականը նախ հայտարարեց, որ վերջին տասը տարվա ընթացքում թանկացել են ավտոմեքենաները, պահեստամասերը, քսայուղերը, վառելիքը, մեքենաների շուկայական արժեքը, ապա՝ ի պատասխան հարցի, թե պատահաբար չե՞ն օգտագործում «գազի սակագնի բարձրացում» բառը և փոխարենը մեջբերում են այլ գործոններ, նրա գործընկեր Հենրիխ Նավասարդյանը մեկնաբանեց.
«Մենք բոլորովին գազի հետ չենք կապում դա, և այս ընթացքում բարձրացել են և՛ պահեստամասերը, և՛ դիզվառելիքը, և՛ ինչը որ նշեցինք: Եթե հիշում եք՝ 2008թ. նույն հարցը բարձրացվեց քաղաքապետարանի առաջ»,- հայտարարեց տրանսպորտի վարչության պետը:
Հիշեցնենք, որ մայրաքաղաքում հուլիսի 20-ից ավտոբուսների և միկրոավտոբուսների սակագինը կդառնա 150 դրամ, քանի որ, ինչպես հայտարարեց քաղաքապետարանը, Երևանում սպասարկում իրականացնող երթուղիների սեփականատերերը իրենց հայտերում ներկայացրել են տրանսպորտի բարձրացման 140-200 դրամի սահմաններում տատանվող սակագին, սակայն քաղաքապետարանը սահմանել է մեկ ընդհանրական սակագին՝ 150 դրամ:
Հիշեցնենք նաև, որ տրոլեյբուսի ուղեվարձը կթանկանա 50 դրամով՝ հասնելով 100-ի, մետրոյինը՝ կմնա նույնը՝ 100 դրամ:
Ի դեպ, Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաների ասուլիսին ներկա էին նաև Երևանի քաղաքապետարանի մրցույթով հաղթող ճանաչված տրանսպորտային ընկերությունների ներկայացուցիչները՝ «երաշխավորելու» համար քաղաքապետարանի ներկայացուցիչների ասածները:
Տարոն Մարգարյանի խորհրդականը հավելեց, որ ուղեվարձի թանկացումը անհրաժեշտություն էր:
«Երևան քաղաքում տրանսպորտի բարձրացումը վաղուցվա պահանջ էր: Տասը տարվա ընթացքում մեծ գնաճ է եղել, իսկ տրանսպորտի սակագինը երբևէ չի փոխվել»,- նշեց Գևորգյանը, ապա ավելացրեց. «Մեր վաղվա օրվա համար՝ որ Երևան քաղաքի տրանսպորտի կուլտուրական սպասարկումը լինի իր բարձրության վրա»:




No comments:

Post a Comment