Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան»
խմբակցությունը հայտարարություն է տարածել, որում տեղեկացնում է, որ Երևանի քաղաքապետ
Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ այսօր հրավիրված հանդիպման ժամանակ տրանսպորտի սակագնի
բարձրացման վերաբերյալ նրա դիրքորոշումը խմբակցության համար շարունակում է մնալ անընդունելի,
իսկ հանձնաժողով ստեղծելու նրա առաջարկը՝ անարդյունավետ, քանի դրանով հարցի լուծումը
կձգձգվի։ Բացի դրանից՝ խմբակցությունը նշում է, որ հետագա գործողությունների համար
որպես առաջին քայլ կլինի տրանսպորտի նախկին սակագնին վերադառնալը։
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«Այսօր քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ԲՀԿ խմբակցության և Երևանի քաղաքապետի հանդիպումը։ Ըստ էության, բովանդակային քննարկում, որպես այդպիսին տեղի չի ունեցել։ Երևանի քաղաքապետը ներկայացրել է իր դիրքորոշումն ու հիմնավորումները՝ տրանսպորտի սակագնի բարձրացման վերաբերյալ, ինչը մեզ համար շարունակում է մնալ անընդունելի։ Հարցի լուծումը գտնելու նպատակով հանձնաժողով ստեղծելու առաջարկը ևս այս պահին համարում ենք ոչ արդյունավետ, քանզի դա խնդրի լուծումը արհեստականորեն ձգձգելու է։ Տրանսպորտի ոլորտը բարելավելու նպատակով հանձնաժողով կարող է ստեղծվել միայն նախկին սակագնին վերադառնալուց հետո։
ԲՀԿ խմբակցությունը մնում է իր այն վստահ դիրքորոշմանը, որ սոցիալական այս գերլարված պայմաններում օ՛ր առաջ պետք է լուծում տալ այս խնդրին։ Որպես առաջին քայլ՝ վերադառնալ նախկին գործող սակագնին, ինչպես նաև սոցիալական փաթեթներ մշակել ուսանողների և սոցիալական տարբեր խմբերի համար։
Ավելորդ չենք համարում հիշեցնել, որ Երևանի ավագանու ընտրության քարոզարշավի ընթացքում Տարոն Մարգարյանը պաշտոնապես հայտարարեց, որ տրանսպորտի սակագնի բարձրացում չի լինելու։ Կարծում ենք, որ ցանկացած պաշտոնյայի համար քաղաքացուն տված խոստումը պետք է անբեկանելի լինի։
ԲՀԿ խմբակցությունը երբեք դեմ չէ որևէ հարցի համակողմանի քննարկմանը, և մենք վստահ ենք, որ այս հարցը քննարկելու և օպերատիվ լուծումներ գտնելու լավագույն հարթակը ավագանու արտահերթ նիստ հրավիրելն է»։
No comments:
Post a Comment