Եգիպտոսի գլխավոր դատախազությունը շարունակում է փաստեր հավաքել պաշտոնանկ նախագահ Մուրսիի և <Մուսուլման Եղբայրներ>-ի դեմ: Վերջիններիս շատ ներկայացուցիչներ այս պահի դրությամբ գտնվում են կալանքի տակ և մեղադրվում են խաղաղ բնակիչների դեմ ուժ կիրառելու և այլ հանցանքների համար: Ակտիվ միջոցներ են ձեռնարկվում նաև վերջիններիս բանկային հաշիվները սառեցնելու համար:
Տեղեկացնենք, որ այս պահի դրությամբ Մուրսիի դեմ պաշտոնական մեղադրանք դեռ չի առաջադրվել, սակայն համաձայն հաղորդումների, վերջինիս մեղադրում են պաղեստինյան <Համաս>-ի և լիբանանյան <Հեզբոլլահ>-ի հետ ունեցած ակտիվ կապերի համար: Բացի այդ Մուրսիին են վերագրում նաև մի շարք սպանություններ, 2011թ-ի դեպքերի հետ կապված բազմաթիվ բանտարկյալների փախուստ և երկրի տնտեսական անկումը:
Փորձագիտական գնահատականների համաձայն, ներկայումս Եգիպտոսում իրավիճակը որոշակի առումով մնում է լարված, հատկապես Սինայի թերակղզում է վիճակը ավելի բարդ: Ինչ վերաբերվում է <Մուսուլման եղբայրներ>-ի հետագա դերակատարմանը երկրի կյանքում, ապա նշվում է, որ վերջիններս այս պահին այնքան էլ ուժեղ դիրքերում չեն, որպեսզի միայնակ հակամարտության գնան բանակի հետ և հանգամանքների թելադրանքով իրենց հետագա ներկայությունը ապահովելու համար պետք է կոմպրոմիսի գնան բանակի հետ: Այս համատեքստում կարծիքներ են հնչում նաև, որ <Մուսուլման եղբայրներ>-ը հնարավոր է որոշակի հեռավորություն պահպանեն Մուրսիի նկատմամբ:

No comments:
Post a Comment