Страницы

Thursday, 4 July 2013

Վրաստանի Նախագահական Ընտրությունների Նոր Ամսաթիվը Հայտնի է

Մի քանի օրվա ընթացքում Վրաստանում արդեն 3-րդ անգամ փոփոխվել է այս տարի կայանալիք նախագահական ընտրությունների ամսաթիվը: Համաձայն այս նոր տարբերակի, որի մասին հայտնել է նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրո Բարնովան, քվեարկությունը կկայանա 2013թ. Հոկտեմբերի 27-ին՝ ամսվա վերջին կիրակի օրը:
Նման որոշում կայացվել է այն բանից հետո երբ մի շարք ոչ կառավարական կազմակերպություններ քննադատել են ընտրությունների նախկին ամսաթիվը՝ հոկտեմբերի 31-ը, հայտարարելով, որ ընտրությունները պետք է անցկացվեն կիրակի օր, քանի որ դա հանդիսանում է քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացման կարևոր հանգամանք:
Համաձայն Վրաստանի Սահմանադրության նախագահական ընտրությունները անց են կացվում գործող նախագահի լիազորությունների վերջին տարվա հոկտեմբեր ամսին, իսկ հստակ ամսաթիվը նշանակում է հենց նախագահը: Միևնույն ժամանակ ընտրական օրենսգիրքը սահմանում է,որ քվեարկության օրը պետք է լինի ոչ աշխատանքային օր, միևնույն ժամանակ չնշելով հստակ օր: Այս հանգամանքը որոշ փորձագետներ համարում են օրենսդրական բաց:

Հիշեցնենք, որ այս տարի ավարտվում է նախագահ Սահակաշվիլիի պաշտոնավարման 2-րդ և վերջին ժամանակաշրջանը: Կայանալիք ընտրություններում նա այլևս չի կարող դնել իր թեկնածությունը: Պրոնախագահական «Միացյալ Ազգային շարժում» կուսակցության թեկնածուն դեռևս հայտնի չէ: Իր հերթին ներկայումս Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կոալիցիան արդեն առաջադրել է փոխվարչապետ Գեորգի Մարգվելաշվիլիի թեկնածությունը: Կոալիցիան նախօրոք վստահություն է հայտնել իրենց թեկնածուի մեծ առավելությամբ հաղթանակ տանելու վերաբերյալ: 

No comments:

Post a Comment