Страницы

Saturday, 13 July 2013

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը պատրաստվում է դիտորդական առաքելություն ուղարկել Ադրբեջան՝ նախագահական ընտրությունները դիտարկելու համար

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելություն կուղարկի Ադրբեջան` 2013թ. հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրությունները դիտարկելու համար:
Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կայքը, հաղորդում են, որ կառույցն արդեն մրցույթ է հայտարարել՝ Ադրբեջան ուղարկվող դիտորդական առաքելության կազմը համալրելու համար: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն Ադրբեջանի նախագահական ընտրությունները դիտարկելու համար աշխատանքի է հրավիրում  դիտորդական առաքելության ղեկավարի և տեղակալ, քաղաքագետի, ընտրական իրավունքի ու ԶԼՄ-ների ոլորտում մասնագիտացած վերլուծաբանների:
Հիշեցնենք, որ մարտի կեսերին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն դիմել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությանն ու առաջարկել է նվազեցնել Բաքվում ԵԱՀԿ-ի գրասենյակի կարգավիճակը՝ հասցնելով մինչև «նախագծերի համակարգողի» մակարդակի: Հարցի վերաբերյալ քննարկումները դեռ չեն ավարտվել: Ադրբեջանական լրատվամիջոցները, սակայն, գրել էին, որ պաշտոնական Բաքուն գրասենյակի կարգավիճակը ցանկանում է նվազեցնել նաև այն պատճառով, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելությունն իրավունք չունենա ընտրությունների ժամանակ գործունեություն ծավալել երկրում (որ իշխանությունները հեշտությամբ կարողանան կեղծել ընտրությունների արդյունքները): Հուլիսի 8-ին, սակայն, Ուկրաինայի արտգործնախարար, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահ Լեոնիդ Կոժարայի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ իրենք ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելությանն անկասկած հրավիրելու են Բաքու:
Ադրբեջանում նախագահական ընտրությունները նախանշված են 2013թ-ի հոկտեմբերին:Թեկնածուների առաջադրման գործընթացը, օրենսդրության համաձայն, սկսվելու է քվեարկությունից 60 օր առաջ: Հունիսի 7-ին տեղի էր ունեցել Ադրբեջանի իշխող՝ «Ենի Ազերբայջան» կուսակցության համագումարը, որի ժամանակ որոշում էր կայացվել գալիք ընտրություններում առաջադրել երկիրը 2003թ-ից ղեկավարող Իլհամ Ալիևի թեկնածությունը: Իսկ հուլիսի 2-ին տեղի ունեցավ Ադրբեջանի ընդդիմադիր քաղաքական ուժերը միավորող Ազգային խորհրդի նիստը, որի որի ժամանակ ձայների 84 կողմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ որոշում կայացվեց գալիք նախագահական ընտրություններում առաջադրել կինոդրամատուրգ, Ազգային խորհրդի նախագահ Ռուստամ Իբրահիմբեկովի թեկնածությունը: Նախագահական ընտրապայքարին մասնակցելու մտադրություն են հայտնել մի քանի այլ քաղաքական գործիչներ ևս: Ադրբեջանցի վերլուծաբանների կարծիքով, սակայն, գալիք ընտրություններում Ալիևի գլխավոր մրցակիցը լինելու է հենց Իբրահիմբեկովը:

No comments:

Post a Comment