Страницы

Friday, 12 July 2013

Պարոն Էրդողանը ամրացնում է դիրքերը

       
     


    Թուրքիայում արդեն ավարտին են մոտենում երկրի  սահամանդրության նոր նախագծի նախապատրաստական աշխատանքները: Վերջինիս շուրջ ռեֆերենդումի անցկացումը պլանավորված է արդեն 2014 թ-ին, որից հետո ներկայիս խորհրդարանական Թուրքիան անցում է կատարելու դեպի նախագահական կառավարման վարչաձևին: Իրերի նման դասավորվածությունը, ըստ փորձագիտական գնահատականների, համապատասխանում է Թուրքիայի վարչապետ Էրդողանի ապագա քաղաքական պլաններին, քանզի իշխող կուսակցությունից որպես թեկնածու կարող է առաջադրվել  հենց  ինքը:
       Թուրքիայում սահմանադրության նոր նախագծի ընդունումը բավականին աղմկահարույց ընթացք էր ստացել: Մասնավորապես պլանավորվում էր դեռևս կես տարի առաջ ավարտել մշակման աշխատանքները, ինչը հատկապես պնդում էր վարչապետը: Վերջերս էլ Մեջլիսի խոսնակ Չիչեկը հայտարարել էր, որ <մենք այլևս հետաձգելու ժամանակ չունենք, քանզի առջևում ընտրություններ են>: 
      Ստեղծված իրավիճակից խիստ դժգոհ են հատկապես ընդդիմադիր կուսակցությունները: Մասնավորապես Ժողովրդա-հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, սահմանադրական հանձնաժողովի անդամ Աթիլլա Քարտը նշել է, որ <սահմանադրությունը դեռևս պատրաստ չէ, և պարոն Էրդողանը պետք է ընդունի այդ փաստը>: Քարտի մյուս կուսակիցները հաճախ են բարձրաձայնում այն մասին, որ իշխող ԱԶԿ-ն ճնշում է գործադրում սահմանադրական հանձնաժողովի անդամների վրա` արհեստականորեն արագացնելով վերջիններիս աշխատանքը: 
     Հիշեցնենք, որ համաձայն Թուրքիայի օրենսդրության սահմանադրության հիշյալ նախագիծը  կընդունվի Մեջլիսի ձայների 3/5- ով կամ եթե վերջինիս կողմ քվերակեն 330 օրենսդիր, ինչը 3-ով ավել է ԱԶԿ-ի ունեցած մանդատներից:  Համաձայն փորձագիտական գնահատականների` իշխող կուսակցությանը դժվար չի լինի ապահովել այդ երեք ձայնը: Մասնավորապես` ենթադրվում է, որ ԱԶԿ-ի նախագծին կաջակցի քրդական կողմնորոշում ունեցող Խաղաղություն և դեմոկրատիա կուսակցությունը, ովքեր մեծ հույսեր ունեն քրդերի ավտոնոմիայի և իրավունքների ընդլայնման առնչությամբ: 
      Ավելացնենք նաև, որ Էրդողանի պլանների թվում է նաև սույն սահմանադրության նախագծով ավելացնել նախագահի ինստիտուտի ազդեցությունը Սահմանադրական դատարանի նախագահի նկատմամբ, որի ազդեցությունը և հեղինակությունը, կարելի է ասել, զիջում է միայն բանակին: Հիշեցնենք, որ ժամանակին հենց Սահմանադրական դատարանի նախաձեռնությունն էր արգելք դնել իսլամիստական ԱԶԿ-ի գործունեության նկատմամբ: Հետևաբար Էրդողանի նկրտումները այս ուղղությամբ գոնե ԱԶԿ-ի համար արդարացված կլինեն: 
     Ընդգծենք, որ այս պահի դրությամբ երկրի բնակչության 52 տոկոսը պատրաստ է կողմ քվեարկել սահմանադրության նոր նախագծի օգտին: 

No comments:

Post a Comment